Մի քանի ժամից կավարտվի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտերի ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Ընդամենը երեք կուսակցություններ են մասնակցելու ընտրություններին՝ ՀՀԿ-ն՝ քաղաքապետի թեկնածու ունենալով Տարոն Մարգարյանին, «Ելք» դաշինքը՝ քաղաքապետի թեկնածու ունենալով Նիկոլ Փաշինյանին, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ քաղաքապետի թեկնածու ունենալով Զարուհի Փոստանջյանին։ Մայրաքաղաքաքի ավագանու ընտրություններին չեն մասնակցի ՀԱԿ-ը, ԱԴ-ն, ՀԿԿ-ն, ՕՐՕ-ն, ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն, Ծառուկյան դաշինքը: Արդեն մոռանանք մյուս կուսակցություններին, որ չմասնակցեցին խորհրդարանական ընտրություններին:
Ինչու՞ կուսակցությունները չեն սիրում Երևանը: Պատճառները տարբեր են ներկայացվում: ՀՅԴ-ն պատճառը համարեց ապրիլի 2-ի ընտրություններում «իրենց համար անսպասելի ցածր արդյունքները», թեպետ գործող խորհրդարանի համեմատ մանդատների համալրում է ունեցել: Պարզապես՝ ՛՛խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին»,- հայտարարեց ՀՅԴ-ն:
ՀՎԿ-ն ավելի կոնկրետ էր՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու պատճառը «կեղծված ընտրություններն են». «Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում կայացրեց չմասնակցել մայիսի 14-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին»,-հայտարարեց ՀՎԿ-ն:
«Ծառուկյան» դաշինքը ամենաբարեխիղճն էր՝ Գագիկ Ծառուկյանը դիմեց երևանցիներին ու ասաց, որ հավատարիմ է անկեղծ լինելու խոստմանը ու տեղեկացնում է՝ որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Նաև՝ վստահ է, որ երևանցիները կընդունեն և կհարգեն իր որոշումը: Եթե համարենք, որ Գագիկ Ծառուկյանի գլխավոր հաղթաթուղթը բարեգործությունն է, և նրա «խոստումը անպայմանորեն պետք է իրականություն դառնա», մնում է եզրակացնել, որ բարեգործության լիմիտը ԱԺ ընտրություններում սպառվեց: Թեպետ Գագիկ Ծառուկյանը պարզաբանում է, որ «խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո կարճ ժամանակահատվածում գործնականում անհնար էր երևանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր»: Ու՝ տեղնուտեղը ներկայացնում է այդ ծրագրի դրույթները, որ միաժամանակ թվարկում է, թե ինչ չի արել ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ վերելակների անմխիթար վիճակ, վթարային շենքերի առկայություն, մայրաքաղաքի արվարձանների բազում խնդիրներ, մշտական պրոբլեմ դարձած աղբահանության խնդիր, անբարեկարգ ճանապարհներ: Գագիկ Ծառուկյանը նաև հույժ քաղաքական երանգ է տալիս իր որոշմանը՝ մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու և իրականացնելու:
ՀԱԿ-ը և ՕՐՕ-ն պարզապես հայտարարեցին, որ չեն մասնակցելու, մյուսները հարկ էլ չհամարեցին հայտարարել՝ եթե փաստաթղթեր չեն ներկայացնում՝ ինքնին հասկանալի է, որ չեն մասնակցում: Իսկ մի քանի օր առաջ սիրո ու նվիրումի երդումներ էին տալիս երևանցիներին, խոստանում սոցիալական ու տնտեսական հարցերը լուծել: Ու՝ ի՞նչ: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարեց. «Շնորհավորում ենք մեր համակիրներին և աշխարհասփյուռ հայությանը` «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ: Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի»: Կուսակցության համար, որի մասին հայտնի է միայն նախագահի անունը, սա ռիսկային քայլ է, բայց և փայլուն գովազդ ու միանգամից դաշտ մտնելու հնարավորություն, եթե երևանցիները որոշեն Զարուհի Փոստանջյանին մանդատ տալ՝ Աժ-ի մանդատի փոխարեն: ՀՀԿ-ն պարտավոր է պահել իշխանության պատիվը, «Ելքը»՝ ապացուցել, որ ելք կա նաև Երևանում, առավելևս, որ ՛՛Ելքի՛՛ ձայների հիմնական մասը հենց մայրաքաղաքային էին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իհարկե, Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, բայց հաշվի առեք, որ Երևանը Հայաստանի Հանրապետության կեսն է և մայրաքաղաքին վերաբերող ամեն ինչ է քաղաքական: Միանշանակ՝ սա դեմարշ է՝ կուսակցությունները իրենց վերաբերմունքն են արտահայտում ԱԺ ընտրությունների արդյունքների նկատմամբ: Քաղաքական վերաբերմունքը: Մինչդեռ կարող էին մատչ ռևանշի գնալ, բայց համարում են անիմաստ: Նրանք բոյկոտում են ՀՀԿ-ին՝ նրան թողնելով մայրաքաղաքում մրցակցել դեկտեմբերին կազմավորված դաշինքի և մարտին ազդարարված կուսակցության հետ: Եվ, միանշանակ, սպասում են, որ երևանցիները մեծամասնության մեջ չեն գնալու ընտրության, եթե իրենք չկան: Եթե գնան էլ, միանշանակ, ընտրությունները կեղծվելու են հօգուտ ՀՀԿ-ի և «Ելքի» ու ՛՛Երկիր Ծիրանիի» վրա ծիծաղելու քաղաքական հնարավորություն են ստանալու: Հույժ քաղաքական կեցվածք է: Եվ վկայում է՝ սերը պարտադիր պիտի փոխադարձ լինի, նաև՝ ընտրությունների ժամանակ: Երևանը կդիմանա, երևանցիները՝ ևս: Քաղաքականությունն է ափսոս՝ խաղալիք է դառնում խաղալ չիմացողների ձեռքին: